10.400 ծառ արդեն տնկվել է

Շնորհիվ «A Tree for You» կազմակերպության հովանավորների ու աջակիցների «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը 5 հա տարածքով խառը անտառ է տնկում Հայաստանի Արագածոտնի մարզի Ձորագլուխ համայնքում։

Ծրագրի առաջին փուլն ավարտվեց 2021 թ-ին, և 5 հա-ից 2 հա-ի վրա արդեն տնկվել է 10400 ծառ։ Նախապես մշակված այս տարածքում տնկվել են այնպիսի ծառատեսակների տնկիներ, ինչպիսիք են կաղնին, սոճին, բարձր լեռնային թխկին, կեչին, արևելյան խնձորենին, կովկասյան տանձենին։ Քանի որ անտառի կենսաբազմազանությունն ապահովելու համար շատ կարևոր են թփերը, տնկվել են նաև դեղին ակացիայի ու մասրենու թփեր:

Առանց դժվարությունների անտառ չես տնկի

Նոր տնկված անտառն ունի երկու թշնամի՝ չորային եղանակն ու արածող կենդանիները։ Այսուհանդերձ, հենց սկզբից համայնքի հետ միասին ձեռնամուխ եղանք այս երկու խոչընդոտների վերացմանը։

Չորային եղանակը հաղթահարելու նպատակով ընտրվեց տնկման ակոսային մեթոդը, ինչը հնարավորություն է տալիս տեղումներից առաջացած ջուրը առավելագույնս պահել ծառերի արմատների մոտ։ Դրան զուգահեռ,

հաշվի առնելով ամառային ամիսներին տեղումների գրեթե բացակայությունն այս տարածքում, կառուցվեց մոտ 800 մ ջրագիծ։ Դրա օգնությամբ նախատեսվում է ոռոգել տնկիներն առաջիկա 5-6 տարիների ընթացքում, մինչև որ դրանք բավարար հասուն կլինեն խոնավությունը պահելու համար։

Արածող կենդանիներից պաշտպանելու նպատակով, համայնքի բնակիչների օգնությամբ անցկացվեց ցանկապատ։ Այն շատ կարևոր էր, քանի որ անտառի տարածքում արոտավայրեր կան, և դրա բացակայության դեպքում անհնար կլիներ խուսափել կենդանիների կողմից տնկիները վնասելուց։

Համայնքն ակտիվ մասնակցում է

Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը կարևորում է համայնքի բնակիչների ներգրավածության պատրաստակամությունը։ Ձորագլխի անտառի տնկման աշխատանքների փուլերում ակտիվորեն միանում են համայնքի 277 բնակիչներից տարբեր խմբեր։ Նրանցից 11 հոգու համար անգամ կարճաժամկետ աշխատատեղեր են ստեղծվել:

Մարդիկ ոգևորված են անտառի ստեղծմամբ։ Նրանք համոզված են, որ նորատունկ անտառի շնորհիվ

կկանխվի հողերի էրոզիան, քանի որ մոտակայքում գտնվող իրենց հողատարածքները տուժում են դրանից: Անտառը նաև կնպաստի կենսաբազմազանության պահպանմանը, և համայնքի բնակիչները կօգտվեն պտղատու ծառատեսակների ու թփերի բերքից:

Առջևում դեռ երկու փուլ կա, որոնց ավարտին Ձորագլուխը կունենա 5 հա անտառ՝ տնկված 26000 ծառերով։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն են կատարում «A Tree for You» կազմակերպությանը և հնարավոր են դարձնում անտառապատումը։