Ոչ-գյուղատնտեսական եկամուտներ

Չնայած, որ գյուղատնտեսությունը հանդիսանում է գյուղական տնային տնտեսությունների հիմնական տնտեսական գործունեությունը և զգալի մաս է կազմում նրանց եկամուտներում, գյուղացիների ընտանեկան բյուջեն կարող է համալրվել նաև այլ ոլորտներից ստացվող եկամուտներով: Շեն ԲՀԿ-ն աջակցություն է ցուցաբերում այն համայնքներին և առանձին տնային տնտեսություններին, որոնք ոչ գյուղատնտեսական գործունեությունում ներգրավվելու ներուժ և նպատակ ունեն:

 

Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում

 

«Շեն» ԲՀԿ-ն խթանում է տեղական արտադրության գյուղմթերքների վերամշակումը՝ նպաստելով հավելյալ արժեքի ստեղծմանը և նոր շուկաներ մուտք գործելուն՝ ինչպես  Հայաստանում, այնպես էլ  արտերկրում:

Այս բաղադրիչի շահառուներն են տեղական գյուղական բիզնեսները, անհատ ֆերմերները և գյուղատնտեսական կոոպերատիվները: Մասնավորապես, մենք գյուղական բիզնեսներին աջակցում ենք մրգերի և բանջարեղենի վերամշակման (չորացված, պահածոյացված մրգերի, հատապտուղների և բանջարեղենի արտադրություն), հացահատիկի վերամշակման (հացահատիկի զտում, քամհարում), hաճարի ձավարի արտադրության, բուսական յուղերի (կտավատի, դդմի սերմերի, խաղողի սերմերի, ծիրանի կորիզի) արտադրության, կաթի հավաքման և վերամշակման հարցում:

Այս բաղադրիչի շրջանակներում շահառուներն աջակցություն են ստանում ծավալուն դասընթացների, տեխնիկական աջակցության, փոխանակման այցերի և տեղական և միջազգային առևտրային տոնավաճառներին մասնակցելու միջոցով: Վերամշակման միավորների ստեղծման համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է մրցակցային հիմունքներով` պայմանով, որ ներդրումների առնվազն 50%-ը պետք է իրականացվի շահառու բիզնեսի կողմից:

 

Տեղական զբոսաշրջություն

Շեն ԲՀԿ-ն իրականացրել է տեղական զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Մասնավորապես, 2008թ.-ին մեր դասընթացներն ավարտած տեղի երիտասարդ ձեռնարկատերերի կողմից Ծափաթաղ, Շորժա և Փամբակ գյուղերում (Սևանա լճի ափին) ստեղծվել են իջևանատներ, որոնք հաջողությամբ գործում են ամառային  ամիսների ընթացքում: 2009թ.-ին, Շեն ԲՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացներն ավարտելուց հետո, ևս վեց ընտանիքներ ներգրավվեցին վերը նշված գործունեությանը: Ոգևորվելով այս ոլորտում ներգրավված համագյուղացիների դրական փորձից, 2012թ.-ին այլ ընտանիքներ ևս դիմեցին և ստացան վարկեր իջևանատներ ստեղծելու նպատակով: Նորաստեղծ իջևանատներում իրենց հանգիստը անցկացնող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է: Հիմնվելով կուտակած սեփական փորձի (մշակված դասընթացներ և ուսումնական մոդուլներ),  ինչպես նաև ոլորտում ՀԱՀ-ի կողմից իրականացված հետազոտության վրա, Շեն ԲՀԿ-ն 2012թ.-ին մշակեց և հրատարակեց «Իջևանատների կառավարում» ձեռնարկը:


 

Տուրիստական կածաններ

Կարևորելով ՀՀ տարածքում եղած մեծ թվով պատմական հուշարձաններ այցելելու արտասահմանյան  և տեղական  տուրիստների ցանկությունը՝ Շեն կազմակերպությունը, Յալկեզեան  հիմնադրամի ֆինանսական և մեթոդական աջակցությամբ, ձեռնարկեց տուրիստական կածաններ ծրագիրը: Ծրագիրը ենթադրում է եղած կածանների բարեկարգում և նորերի  կառուցում, ցուցատախտակների տեղադրում և սանհանգույցների կառուցում:

2017 թ-ին համատեղ իրագործած առաջին ծրագիրը հանդիսացավ Գոշ-Խաչարձան 12 կմ երկարությամբ կածանի կառուցումը, որին աջակցել է «Տրանսկովկասյան արահետ» ծրագիրը: Կառուցված կածանը ներկայացվել է տուրիստական կազմակերպություններին: 

 

Ճամբարակում վերականգնվում է արհեստագործությունը

Հաջողությամբ իրականացվեց ասեղնագործության դասընթացների միջոցով եկամուտների ավելացմանն ուղղված ծրագիրը, որը մշակվել էր Ճամբարակ քաղաքի և հարևան գյուղերի կանանց համար: Այն մեկնարկեց 2005թ.-ին և դարձավ ծրագրի կայունության վառ օրինակ: Մեր շահառուների կողմից հիմնադրվել և հաջողությամբ գործում է «Թելերի աշխարհ» փոքր ձեռնարկությունը: