Անտառների վերականգնում

Հայաստանի անկախության առաջին տարիների էներգետիկ ճգնաժամը բավականին բացասական ազդեցություն ունեցավ շրջակա միջավայրի, հատկապես՝ անտառների վրա: Այդ ժամանակաշրջանում և՛ գյուղական, և՛ քաղաքային բնակչությունը որպես վառելանյութ հիմնականում օգտագործում էր անտառներից ստացված փայտը: Չնայած այն փաստին, որ 2000-ականներից սկսած և հատկապես բնական գազի մատակարարման վերսկսումից հետո անտառներից ստացվող վառելանյութի ծավալները կրճատվեցին, անտառապատ տարածքների ընդհանուր մակերեսը ներկայումս զգալիորեն կրճատվել է, հասնելով երկրի տարածքի 8-9%-ին (http://rainforests.mongabay.com/deforestation/archive/Armenia.htm):

 ​

 

Անտառների վերականգնումը՝ ծառերի լայնամասշտաբ տնկումը և դրանց պահպանման ապահովումը, հանդիսանում է վերը նշված խնդրի լուծման գլխավոր ուղղություններից մեկը: Այդ պատճառով, Շեն ԲՀԿ-ն ստանձնեց իր համեստ կարողությունների շրջանակներում այդ բացը լրացնելու պատասխանատվությունը: Մասնավորապես, 2006թ.-ին Շենը Կոտայքի մարզի Ջրաբեր համայնքի մոտակայքում հիմնեց անտառային և դեկորատիվ ծառերի տնկարան 3 հա տարածքի վրա:  Տնկարանից ստացվող երիտասարդ ծառերը անտառների վերականգնման նպատակով անվճար տրամադրվում են պետական անտառային տնտեսության մարմիններին, բնապահպանական ՀԿ-ներին և գյուղական համայնքներին: 2008թ.-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսությունը 8 հա տարածքի վրա տնկեց կաղնու անտառ, օգտագործելով մեր տնկարանից ստացված երիտասարդ ծառերը: Տեղական ՀԿ-ների օգնությամբ և ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Ճամբարակում տնկվեց ավելի քան 7 հա մակերեսով անտառ՝ կաղնու, բարդու, հացենու և այլ տեսակի ծառերով: Սկսած 2010թ.-ից Շեն ԲՀԿ-ն իր տնկարանից անտառային և դեկորատիվ ծառեր է նվիրաբերում Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզի գյուղերին:

 

 

Սկսած 2014թ.-ից Շեն ԲՀԿ-ն համագործակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի հետ, որն իրականացվում է ECO Consult (Գերմանիա) կազմակերպության կողմից: Ծրագրով նախատեսվում է Արագածոտնի և Շիրակի մարզերում նոր անտառների տնկելով վերահսկել հողերի էրոզիան: Մինչ այժմ Արագածոտնի մարզում հիմնվել է փոքր տնկարան, տնկվել և ցանկապատվել են համարյա 20 հա ընդհանուր մակերեսով անտառներ: Եվս 60 հա տարածք նախապատրաստվել և ցանկապատվել է հետագա անտառապատման համար: