Շահառուների համախմբում

Շեն ԲՀԿ-ի ամենաառաջին ծրագիրն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում 17 տների կառուցումը հայազգի փախստականների համար, որոնք 1988թ.-ին մազապուրծ էին եղել Սումգայիթի (Ադրբեջան) ջարդերից: ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած ճգնաժամը հանգեցրեց բազմաթիվ համայնքների աղքատացմանը: Միջազգային գործընկերների աջակցությամբ մենք իրականացրել ենք ավելի քան 350 ծրագրեր Հայաստանի ողջ տարածքում, հատուկ ուշադրություն դարձնելով երկրաշարժից տուժած շրջաններին, փախստականներով բնակեցված գյուղերին և հեռավոր համայնքներին:

Ցանկացած ծրագիր սկսելիս, մենք, նախ և առաջ, իրականացնում ենք համայնքի մոբիլիզացիա, այդպիսով աջակցելով գյուղացիներին կազմակերպվելու գործում և համապատասխան գիտելիքներ և հմտություններ փոխանցելով պոտենցիալ առաջնորդներին: Շեն ԲՀԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչների աջակցությամբ տեղական ակտիվիստները կարևոր դերակատարում են ստանձնում  կարիքների մասնակցային գնահատման, ծրագրերի պլանավորման, իրականացման և գնահատման, ինչպես նաև հետագա շահագործման և պահպանման գործում: Ամենապրոակտիվ Համայնքային նախաձեռնող խմբերը (ՀՆԽ) դառնում են Համայնքային կազմակերպությունների (ՀՄԿ) ձևավորման հիմքը:

Ինտերնետն արդեն հասանելի է Հայաստանի գյուղերի մեծամասնությունում: Այն հնարավորություն է տալիս գյուղական շրջանների բնակչությանը, այդ թվում՝ ՀՆԽ-ներին, ստանալու այլընտրանքային տեղեկատվություն: Բիզնես համայնքի մեր գործընկերոջ՝ Օրանժ Արմենիայի (Ֆրանս Տելեկոմ), աջակցությամբ իրականացվեցին լայնաշերտ ինտերնետի միացումներ գյուղերում, որոնց համայնքային կենտրոններում կազմակերպվեցին համակարգչային դասասենյակներ: