Դասընթաց՝ «Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների դասակարգումը» թեմայով
Սույն թվականի մայիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բադեյանի» անվան պետական քոլեջում կազմակերպվեց դասընթաց «Բույսերի պաշտպանության քիմիական միջոցների դասակարգումը» թեմայով: Դասընթացը իրականացվեց «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում: Հաշվի առնելով նախորդ գործնական ուսուցման ժամանակ ուսանողների կողմից ցուցաբերած հետքրքրությունը՝ տեսական դասընթացն իրականացվեց քոլեջի գյուղատնտեսական ուղղվածության ուսանողների համար:Ուսուցման ընթացքում գյուղատնտես մասնագետը մանրամասն ներկայացրեց բույսերի պաշտպանության ժամանակակից միջոցների դասակարգումը և կիրառությունը այգեգործության մեջ, ինչպես նաև՝ դասակարգումը ըստ օգտագործման նպատակի: Անդրադարձ կատարվեց ժամանակակից միջոցների կիրառությանը ծառերի դիմադրողականության բարձրացման և սնուցման համար, նոր տեխնոլոգիաների, մեթոդների կիրառությանը այգեգործության մեջ:Դասընթացին մասնակցեց 24 ուսանող, որոնք այգեգործության և բույսերի պաշտպանության միջոցների վերաբերյալ բազմաթիվ հարցեր ուղղեցին դասընթացավարին: Մասնագետը բոլոր հարցերին տվեց սպառիչ, բովանդակալից և գոհացնող պատասխաններ: Դասընթացի մասնակիցներին տրամադրվեցին նյութեր և գրականություն: