Հայտարարություն գյուղատնտեսական կոոպերացիայի աջակցության ծրագրի շահառուների հայտադիմումների ընդունման

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը գյուղատնտեսական կոոպերացիայի աջակցության ծրագրի շրջանակում հայտադիմումներ է ընդունում կոոպերատիվներից և ֆերմերների խմբերից, որոնք նախատեսում են գրանցվել որպես կոոպերատիվ: Ծրագրի նպատակն է բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը գոյություն ունեցող կոոպերատիվների կարողությունների հզորացման և նորերի ստեղծմանը նպաստելու միջոցով: Աջակցության ծրագրի նպատակն է խթանել ֆերմերներին՝ համագործակցելու միմյանց հետ և այդպիսով բարելավել իրենց արտադրական և մարքետինգային հնարավորությունները, նվազեցնել արտադրության ինքնարժեքը, նպաստել արտադրության և արտադրողականության աճին:  

Ո՞վքեր կարող են դիմել

Աջակցության ծրագրին կարող են դիմել ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում և Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում գործունեություն ծավալող կոոպերատիվները և ֆերմերների խմբերը, որոնք բավարարում են ստորև թվարկված չափորոշիչներին.

  • Կոոպերատիվը կամ ֆերմերների խումբը պետք է բաղկացած լինի առնվազն 5 անդամից և պետք է ներգրավված լինի գյուղատնտեսական առաջնային արտադրության կամ վերամշակման ցանկացած ոլորտում:
  • Խմբի անդամները պետք է լինեն փոքր և միջին ֆերմերներ. Յուրաքանչյուր անդամի կողմից մշակվող հողատարածքը չի գերազանցում 5 հեկտարը: Խրախուսվում է կանանց խմբերի և երիտասարդ ֆերմերների մասնակցությունը:
  • Կոոպերատիվի/խմբի անդամները պետք է ցուցաբերեն համատեղ աշխատանքի պոտենցիալ. (համատեղ գործունեություն, որոշումների համատեղ կայացում)
  • Կոոպերատիվի / ֆերմերների խմբի անդամները պետք է ձգտեն արտադրել ընդհանուր բարձրորակ արտադրանք և միտված լինեն համատեղ վաճառք կատարելու:
  • Կոոպերատիվի / ֆերմերների խմբի անդամները պետք է շահագրգիռ լինեն մասնակցելու «Շեն» ԲՀԿ ուսուցողական ծրագրերին, ստանալու տեխնիկական օժանդակություն և խորհրդատվական ծառայություններ:

Առավելությունը կտրվի այն կոոպերատիվներին, որոնք մասնակցում են ՀՀ կառավարության՝ գյուղատնտեսական կոոպերացիայի աջակցության ծրագրերին:

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված կոոպերատիվները / ֆերմերների խմբերը պետք է գրավոր դիմումներ ներկայացնեն «Շեն» ԲՀԿ info@shen.am էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով կոոպերատիվի /խմբի ձևավորման պատմությունը, անդամների ցանկը, տեղեկատվություն անդամների գյուղատնտեսական արտադրության վերաբերյալ, տվյալներ կոոպերատիվի / խմբի գործունեության մասին, զարգացման պլանների, ներդրումային ծրագրերի մասին:

 

Հայտադիմումներն ընդունվում են մինչև 2021թ. փետրվարի 28-ը: