«Մեկ գյուղ» ծրագրի արդյունքները Նավուրում

Տավուշի մարզի Նավուր գյուղում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն, «Շեն» բարեգործական ՀԿ, Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF), «Զարգացման սկզբունքներ» ՀԿ, Հայ օգնության ֆոնդ, «Վորլդ վիժն», Հայաստան, «Դասավանդի՛ր, Հայաստան», Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ, Հայկական բարեգործական ընդհանուր միություն (AGBU), «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ և Հայկական Կարիտաս կազմակերպություններից կազմված կոնսորցիումը իրագործում է «Մեկ գյուղ» ծրագիրը: Նոյեմբերի 18-ին կոնսորցիումի անդամ կազմակերպություններն այցելեցին Նավուր՝ 2019թ.-ին իրագործված աշխատանքներին ծանոթանալու նպատակով, ինչպես նաև՝ քննարկելու նոր նախաձեռնություններ:Տեղի ունեցավ Նավուր կոոպերատիվի կարողությունների հզորացման նպատակով ձեռք բերված տեխնիկայի ցուցադրում: Այն թույլ կտա 2020թ.-ին մշակել նախկինում լքված 200 հա հողատարածք, որտեղ գրեթե բոլոր գյուղացիները մասնաբաժին ունեն: Տեղի ունեցավ գյուղի նոր կառուցված խմելու ջրի ներքին ցանցի բացման արարողություն: Հանդիսավոր պայմաններում բացվեցին գյուղի դպրոցի ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի դաշտերը: Կոնսորցիումի անդամները դիտեցին Նավուր և Չինչին գյուղերի ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվեց 4:3 հաշվով՝ հօգուտ Նավուրի: